ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մարտավարական խնդիրների և ռազմավարական հեռանկարի միջև

Մարտավարական խնդիրների և ռազմավարական հեռանկարի միջև
03.06.2008 | 00:00

Նախագահական ընտրություններից և ծանր հետևանքներ թողած հետընտրական զարգացումներից հետո Հայաստանը հայտնվել է բավականին խոցելի արտաքին իրավիճակում։ Խոսքը տվյալ պարագայում առաջին հերթին հետընտրական զարգացումների վերաբերյալ ԵԽ ԽՎ հայտնի բանաձևի, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հնչեցված գնահատականների, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի մասին է։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ երկրի արտաքին գործառույթները համակարգող երկու հիմնական դեմքերը՝ նոր նախագահը և նորանշանակ արտգործնախարարը, աշխատում են առաջին հերթին ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների ակտիվացմամբ մեղմել հնարավոր արտաքին ճնշումները։
Ավանդական դաշնակիցների պարագայում, բնականաբար, առաջին հերթին պետք է նկատի ունենալ երկու պետություն՝ Ռուսաստան և Ֆրանսիա, որոնք դեռ ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումից հետո անվերապահորեն ճանաչեցին դրանք և շնորհավորեցին նոր նախագահին։ Մարտի 1-ից հետո անցած երեք ամիսների ընթացքում ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են զարգացման նոր որակի բերել հենց այս երկու երկրների հետ փոխհարաբերությունները։ Մարտին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, Էդուարդ Նալբանդյանն արտգործնախարարի կարգավիճակով առաջին այցը կատարեց Փարիզ, իսկ բոլորովին վերջերս եռօրյա այցով գտնվում էր Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այդ ընթացքում նոր արտգործնախարարը երկու անգամ եղավ նաև Բրյուսելում։ Բելգիայի մայրաքաղաք կատարած երկրորդ այցի ընթացքում նրան ուղեկցում էր նաև պաշտպանության նախարարը։ Բոլոր այս քայլերը վկայում են, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են մի կողմից եվրոպական կառույցներին հավաստել եվրաինտեգրացիայի ռազմավարությանն իրենց հավատարմությունը, մյուս կողմից Եվրամիությունում հիմնական դաշնակից Ֆրանսիայի միջոցով, ինչպես նաև Մոսկվայի աջակցությամբ մեղմել ԵԽ ԽՎ բանաձևի հնարավոր հետևանքները։
Հարկ է նշել, որ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Փարիզից Հայաստանի գործողություններն այսօր արժանանում են համարժեք արձագանքի։ Եվ ոչ միայն պաշտոնական մակարդակով։ Տնտեսությունը, ինչպես միշտ, անբաժան է քաղաքականությունից, և այդ իմաստով շատ բնութագրական է, որ հետընտրական ժամանակահատվածի ողջ բացասական խորապատկերի վրա առկա է ինչպես ռուսական, այնպես էլ ֆրանսիական ընկերությունների ակտիվացում։ Մասնավորապես, «Վնեշտորգբանկը» վերահաստատեց Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով բազմամիլիոն ներդրումներ կատարելու իր մտադրությունը և այդ խնդրի լուծման համատեքստում համապատասխան պայմանագիր ստորագրեց «Մանեքս-Վալեքս» ընկերության հետ։ Երևանի ջրմուղ-կոյուղու կառավարումը ստանձնած ֆրանսիական ընկերությունն իր հերթին հայտարարեց Երևանի աէրացիայի համակարգը ժամանակակից չափանիշերով նորացնելու նպատակով 25 մլն եվրոյի ներդրում կատարելու մտադրության մասին։ Ըստ որում, ընկերության նախագահ Սերժ Պոպոֆը պայմանագրի ստորագրման ժամանակ հատուկ ընդգծեց, որ սա իրենց կողմից քաղաքական նշանակության ակցիա է։
Մինչդեռ հետընտրական զարգացումների արդյունքում հայ-ամերիկյան փոխհարաբերություններում առաջացած որոշակի սառնությունը պահպանվում է։ Թեպետ դժվար է պնդել, որ նախընտրական ողջ գործընթացում Վաշինգտոնը միանշանակ աջակցում էր ընդդիմադիր թեկնածուներից մեկին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն հետընտրական զարգացումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի բավականին կոշտ գնահատականը, առանձին ամերիկյան պաշտոնյաների, մասնավորապես Մեթյու Բրայզայի հայտարարությունները ստեղծեցին հենց այդպիսի տպավորություն։ Անցած ամիսներից հետո առայժմ տեսանելի չէ, թե Վաշինգտոնի քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճում է՝ անկախ նրանից՝ տվյալ փուլում ով է երկրում իշխանության գլուխ։ Հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունները ձգտելու են վերականգնել խախտված հավասարակշռությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրների հետ փոխհարաբերություններում, որովհետև ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում մնում է իբրև առաջնահերթ հիմնահարց, և որևէ ձևով չի կարելի թույլ տալ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում գոյացած որոշակի սառնության հետևանքով Մինսկի խմբի շրջանակներում երևան գան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ նախաձեռնություններ։ Նոր նախագահը վերջին շրջանում տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար մնում է իբրև կարևորագույն արտաքին քաղաքական ուղղություններից մեկը։ Չի բացառվում նաև, որ այս առումով ավելի ակտիվ գործընթաց սկսվի ԱՄՆ-ում՝ տարեվերջի նախագահական ընտրություններից և նոր վարչակազմի ձևավորումից հետո։ Առանձին փորձագետների պնդմամբ Ջորջ Բուշի վարչակազմն այս պահին Հայաստանով զբաղվելու այդքան էլ ժամանակ չունի, Պետդեպարտամենտի օրակարգում հիմա ավելի կարևոր խնդիրներ են։
Սակայն այս բոլորը, ի վերջո, ընթացիկ մարտավարական հարցեր են։ Մինչդեռ ռազմավարական հեռանկարային զարգացումների տեսանկյունից բավականին հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում նոր Արևելյան բլոկի ձևավորման ուղղությամբ, և այդ զարգացումներն ուղղակիորեն սկսում են առնչվել մեր տարածաշրջանին։ Ռոսաստանի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջին կարևոր պաշտոնական այցով մեկնեց Չինաստան։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում միջանկյալ կանգառը գլխավոր նպատակակետը չէր, այլ ավելի շուտ հետապնդում էր դեկլարատիվ նպատակ, որովհետև Մեդվեդևը հայտարարել է, թե իր առաջին պաշտոնական այցը բոլոր դեպքերում տեղի կունենա ԱՊՀ երկրներից որևէ մեկը, քանզի Մոսկվան իր արտաքին քաղաքականության մեջ ԱՊՀ-ն համարում է իբրև կարևորագույն ուղղություն։ Հընթացս Ռուսաստանի նոր ղեկավարը փորձեց վերջնականապես կարգավորել Մերձկասպյան գազամուղի հետ կապված ռուս-ղազախական հակասությունները։
Եվ այնուհանդերձ, այցի հիմնական նպատակակետը, անշուշտ, Պեկինն էր, որտեղ Ռուսաստանի նոր նախագահը մեկ անգամ ևս հավաստեց, որ մտադիր է շարունակել ռուս-չինական ռազմավարական համագործակցությունը, հատուկ ընդգծելով, թե իրենց համար միևնույն է, եթե դա նույնիսկ ոչ բոլորին է դուր գալիս։ Այսպիսով, Մեդվեդևը հավաստեց, որ հանդիսանում է իր նախորդի՝ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական կուրսի ժառանգորդը, իսկ այդ կուրսը Պուտինի պաշտոնավարման բոլոր ութ տարիներին միտված է եղել ամերիկյան առաջխաղացումը նոր դաշինքների ձևավորման միջոցով կանխելուն։ Ռուս-չինական ռազմավարական գործընկերության հիմնական պտուղն անցած տարիներին Շանհայի Համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ստեղծումն է եղել, որը թեպետ հիմնադրվեց իբրև տնտեսական համագործակցության նպատակ հետապնդող կառույց, բայց այն ռազմաքաղաքական բլոկի վերածելու նպատակը շարունակում է մնալ Կրեմլի արտաքին քաղաքականության օրակարգում։
Հարավային Կովկասի հետ կապված այս համատեքստում առկա է մեկ ուշագրավ հանգամանք. մոտավորապես մեկուկես ամիս առաջ հայտարարվեց, թե Իրանը նպատակ ունի դառնալ ՇՀԿ-ի մշտական անդամ, և այդ կապակցությամբ Թեհրանի կողմից նույնիսկ պաշտոնական դիմում է ներկայացվել կազմակերպության գլխավոր քարտուղարություն։ Սա շատ լուրջ տեղաշարժ է Իրանի արտաքին քաղաքականության մեջ, եթե հաշվի առնենք, որ իսլամական հեղափոխությանը հետևած 30 տարիների ընթացքում Թեհրանը միշտ վարել է որևէ տնտեսական և ռազմաքաղաքական միավորման չանդամակցելու, առավելագույն չեզոքություն պահպանելու քաղաքականություն։ Իրանում տրամադրությունների այդպիսի տեղաշարժը շատ կարևոր է, որովհետև եթե Իրանը դառնա ՇՀԿ-ի մշտական անդամ, ապա կազմակերպությունը զուտ աշխարհագրորեն երկու կողմից աքցանի պես իր մեջ կվերցնի Հարավային Կովկասը, հյուսիսից՝ Ռուսաստանի, հարավից՝ Իրանի միջոցով։ Այս իրողությունը ռազմավարական հեռանկարի առումով նոր այլընտրանք է ստեղծում տարածաշրջանի երկրների համար, եթե նկատի ունենանք, որ վերջիններս ավելի կամ պակաս չափով իբրև զարգացման հիմնական ուղղություն են հռչակել եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Իրանի անդամակցությամբ ՇՀԿ-ն կարող է վերածվել յուրօրինակ նոր ՕՊԵԿ-ի, եթե նկատի ունենանք, որ նրա մշտական անդամ պետություններից Ռուսաստանը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը, պոտենցիալ անդամ Իրանը էներգակիրներ արտահանող երկրներ են, իսկ Թուրքմենստանն ունի մշտական դիտորդ պետության կարգավիճակ։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 9840

Մեկնաբանություններ